
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Միջհամայնքային միավորումների մասին օրինագիծը. ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 60 կողմ, 35 դեմ ձայներով: Ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ քվեարկեցին:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք դեմ ենք այս օրենքին, որովհետև այդ միավորմանը տրվել է նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն. «Կարծում ենք՝ այդ խնդիրը կարելի է լուծել համատեղ իրավական ակտ ընդունելով, և ոչ թե՝ Սահմանադրությամբ չնախատեսված տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրել նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Ժողովրդի քվեն ստացած և քվեարկությամբ ձևավորված ավագանին չի կարող վերապատվիրակել իր իրավունքները մեկ այլ օղակի, որը չի ձևավորվում քվեարկության միջոցով: Երեկ քննարկման ժամանակ այս հարցը բաց մնաց»: