Բաժիններ՝

Կորեայի Հանրապետության նախագահը վաղաժամ է համարում լավատեսությունը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության հարցում

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է լավատեսություն տածել Կորեական թերակղզում լարվածության թուլացման հեռանկարների առթիվ, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Այդ մասին, ինչպես հայտնել է Yonhap News գործակալությունը, Մուն Չժե Ինը հայտարարել է մարտի 7-ին Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը։ «Մենք վճռորոշ պահին ենք մոտեցել մեր այն ջանքերում, որոնք նպատակամղված են Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելուն եւ այն միջուկային զենքից ազատելուն»,-ասել է Մուն Չժե Ինը:

«Սակայն, ես կարծում եմ, որ առայժմ չափազանց վաղ է լավատեսություն տածել, որովհետեւ մենք գտնվում ենք միայն մեկնարկային գծին»,-հավելել է Կորեայի Հանրապետության նախագահը:

Նա նշել է, որ պլանավորվող միջկորեական գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ մտադիր չէ թուլացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդել է Reuters գործակալությունը: Մուն Չժե Ինը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է բոլոր այն քայլերը, որոնք վերաբերում են Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս