Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով:
Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենեւին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցները ամենեւին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել եւս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ:
«Ելք»-ի կոնսենսուսը, խոշոր հաշվով, մնացած խորհրդարանի շրջանակում, իսկ դրանից դուրս դաշնակիցները, փաստորեն, մնացին ազատ, առանց միմյանց հանդեպ պարտավորությունների, ինչն էլ ներկայումս փորձում է օգտագործել ՔՊ առաջնորդը:
Այդ դեպքում, կստեղծվի բազմաիմաստ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն առնվազն «Ելք»-ի շրջանակում կստանա առավելություն՝ նա գոնե գնացած կլինի հրապարակ:
Բանն այն է, որ «Ելք»-ը, ըստ էության, գնալու այլ տեղ չունի էլ: Իհարկե, չի նշանակում, որ հրապարակում սպասվում է լուսավոր ապագա, սակայն բանն այն է, որ հրապարակ գնացող ուժը կերկարաձգի դաշինքի, այսպես ասած, ոչ լուսավոր ապագան, որովհետեւ մնացողների համար խորհրդարանական թունելի վերջում լույսն արդեն անջատվել է:
Ինչ-որ իմաստով, Փաշինյանն անելանելի դրության մեջ է դնում մյուս երկու կուսակցություններին: Նրանք արդեն իսկ պարտվել են «Քաղաքացիական պայմանագրին» կամ Նիկոլ Փաշինյանին, եթե չեն առաջարկի Ազատության հրապարակ գնալու այլընտրանք: Չգնալն ամենեւին այլընտրանք չէ:
Գործնականում, Նիկոլը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի, բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի եւ հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ «Ելք»-ը քանդելուն, իհարկե, ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ:
Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը: Մի կողմից, նա այդպիսով իր վրա չի վերցնի դաշինքը քանդելու պատասխանատվությունը, մյուս կողմից՝ գուցե հաշվարկը այն է, որ մյուս երկու ուժերը չեն գնա այդ ճանապարհով եւ ակտիվ կամ պասիվ կենթարկվեն Նիկոլի մարտավարությանը:
Մի կողմ թողնենք այդ մարտավարության հեռանկարայնությունն ու ռացիոնալությունը: Փաստացի, Նիկոլն անում է քայլ, որը «անպարտելի» է դաշինքի շրջանակում այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քայլ չեն արել մյուս երկու ուժերը: Նա գնդակը, ինչպես ասում է, տեղափոխել է նրանց դաշտ, բայց չի տվել նրանց ձեռքը՝ գնդակը խաղարկում է Նիկոլը, առայժմ:
Կարողանալո՞ւ են այն խլել մյուս երկու ուժերը, թե՞ միանալու են սեփական դարպասին կազմակերպված գրոհին: Իսկ գրոհը առնվազն առայժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ «Ելք»-ի, քան իշխանության դարպասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: