Ճապոնիայում հրամանագիր է ընդունվել 2019 թ. ապրիլի 30-ին կայսեր հրաժարման արարողությունն անցկացնելու մասին
Ճապոնիայի կառավարությունը մարտի 6-ին հաստատել է հատուկ հրամանագիրը, որը բացում է 2019 թվականի ապրիլի 30-ին ներկայիս Ակիհիտո կայսեր հրաժարման արարարողության անցկացման ուղին: Նույն այդ փաստաթուղթը որոշում է, որ միապետը եւ նրա կինը հանգստի անցնելուց հետո կօգտվեն այն նույն արտոնություններից, ինչ որ այժմ:
Այլ խոսքով՝ նրանց համար կմնան նույն ֆինանսավորումը, պահպանության ծառայությունը եւ այլ արտոնություններ։ «Դեռեւս բազմաթիվ խնդիրներ են մնում, որոնք անհրաժեշտ է լուծել Նորին Մեծության հրաժարման առնչությամբ,- մարտի 6-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:- Մի՛ մոռացեք, որ այդ աննախադեպ իրադարձությունն առաջին անգամ տեղի կունենա արդի Ճապոնիայում՝ սահմանադրական կարգի եւ խորհրդարանական ժողովրդավարության պայմաններում»:
Մարտի 6-ին կառավարության ընդունած փաստաթուղթը թույլատրում է 2019 թվականի ապրիլի 30-ին Տոկիոյի կենտրոնի կայսերական պալատում հրաժարման պետական արարողության անցկացումը: Դրա ծրագիրը կմշակվի մարտի կեսերին: Սակայն, ամբողջությամբ վերցված, որոշված է, որ արարողությանը վարչապետ Աբեն կդիմի կայսերը՝ ժողովրդի անունից շնորհակալության խոսքով:
Դրանից հետո Ակիհիտոն կարտասանի իր՝ որպես միապետի վերջին պաշտոնական ճառը: Արարարողությունը նրա խնդրանքով կանցկացնեն համեմատաբար համեստ՝ մոտավորապես 300 մարդու մասնակցությամբ, ներառյալ խորհրդարանի ղեկավարությունը, հասարակայնության ականավոր ներկայացուցիչներ: Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 1-ին, կանցկացվի Ակիհիտոյի ավագ որդու՝ ներկայիս գահաժառանգ արքայազն 58-ամյա Նարուհիտոյի գահ բարձրանալու արարողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: