Դավադրությունը մոտենում է ավարտին. նոր հանրահավաք է նախապատրաստվում. մանրամասնում է Ալեք Ենիգոմշյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում համահայկական հանրահավաքներ կանցկացնի:

Խոսելով հանրահավաքների օրակարգի և գաղափարի մասին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Փաստ»-ի հետ զրույցում նախ նշեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցը միացել է «Հանուն Հայաստան պետության» ճակատին:

Նա ընդգծեց՝ պարզ է, որ քաղաքացիների համար գաղտնիք չէ երկրում տիրող իրավիճակն ու այն, թե իշխանության հավերժացումն այդ առումով ինչ է խոստանում:

«Սա գաղտնիք չէ և բացահայտելու խնդիր չկա: Բայց այդ ամենը քաղաքական համատեքստում ներկայացնելու խնդիր կա. համատեղ ուժերով պետք է փորձել կանխել իշխանության հավերժացման փորձն ու դրանով շարժել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու քարը: Մենք բաց ենք Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերի առաջ:

Մենք կարող ենք որոշակի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ամենաէական հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունեն: Ամենաէական հարցերի մեջ է համակարգի փոփոխությունը, նաև իշխանության հավերժացման փորձերի կանխումը: Եթե այս հարցերի շուրջ համախոհություն կա, թող հանրահավաքի ժամանակ բոլորը ներկա լինեն:

Այստեղ առաջնահերթության խնդիր չկա: Եթե «Հանուն Հայաստան» պետության ճակատն է նախաձեռնել այս հանրահավաքը, չի նշանակում, որ եթե ուրիշները ևս մասնակցության հայտ ներկայացնեն՝ առաջինի, երկրորդի կամ երրորդի խնդիր է լինելու:

Մենք բացարձակապես նման խնդիր չունենք: Մենք կարևորում ենք այսօրվա ամենաէական խնդիրների շուրջ համախմբման և համագործակցության կարևորությունը»,-ասաց նա:

Իսկ թե հասարակության մոտ առկա տրամադրությունների համատեքստում ինչ արդյունք են ակնկալում, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք և գաղտնիք չէ, որ առնվազն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում քաղաքացիների մոտ անզորության զգացում է տիրում, և դրանից օգտվել և օգտվում է այս իշխանությունը:

Այդուհանդերձ պետք է խորապես ուսումնասիրել դրա պատճառները. վարչախմբի տարբեր մանիպուլյացիաները որքանո՞վ են հասցրել այս վիճակին, կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը ժողովրդի մոտ նման տրամադրություններ առաջացնելու առումով որքանո՞վ իր մեղքի բաժինն ունի:

Համենայն դեպս, անկախ նրանից, թե այդ հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիների արձագանքն ու ներկայությունը որքան կլինի, մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ ակտիվ մասնակցություն լինի: Մենք այլընտրանք չունենք՝ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր ապագա սերունդների ճակատագիրն է: Մենք պարտավոր ենք միշտ մտածել այն ուղիների մասին, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում և վերստին ակտիվացնել մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս