
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին

Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը:
Նա նշեց, որ ծանոթ է այդ հայտարարությանը, եւ հատկանշական համարեց այն, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ:
«Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասաց դեսպանը:
Նա նաեւ անդրադարձ կատարեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը, որի մասին մարտի 1-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Ժոնաթան Լաքոտն ասաց, որ Ֆրանսիան այս առնչությամբ իր դիրքորոշումը դեռ կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված լինի: