Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի՞ քաղաքական թիմի որոշմանը
«Քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները թելադրում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին, հավակնություններին տուրք տալ: Ես խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Սերժ Սարգսյանը միանձնյա չէ որոշումներ կայացնում, այլ որոշում պետք է կայացնի թիմը: Յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը, բայց որոշումը կայացնում է քաղաքական թիմը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նկատելով, որ քննարկումներ դեռ չկան, երբ քննարկումները կկազմակերպեն, վարչապետի թեկնածուի անունը հայտնի կլինի կանոնակարգ-օրենքին համապատասխան օրերի ընթացքում:
Ըստ նրա` թիմն է այդ պահը և դրանից հետո զարգացումները գնահատում և որոշումներ կայացնում: Նա խորհուրդ տվեց կարդալ Չերչիլին:
Ի՞նչ արժեք ունի տղամարդու խոսքը քաղաքականության մեջ՝ հարցին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Տղամարդու խոսքը քաղաքական գործընթացներով չէ, որ գնահատում են: Իր ապրած տարիներով են գնահատում: Իսկ քաղաքականության մեջ որ պահին քաղաքականությունը վերածեք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց: Տղամարդկությունը քաղաքականության մեջ չէ, որ պետք է դրսևորեն: Քաղաքականության մեջ ամեն օր, ամեն ժամ կարող են փոխվել բաներ, նայած՝ քաղաքական զարգացումներն ինչ ընթացքով են ընթանում»:
168.am-ի հարցին` ստացվում է, որ թի՞մը չի հարգելու Սերժ Սարգսյանի որոշումը, քանի որ նա հստակ է հայտարարել, որ չի հավակնելու երկրի ղեկավար պաշտոնին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք արդեն որոշել եք՝ ով պետք է մեր թեկնածուն լինի: Հավակնություններով և ցանկություններով մենք երկրի պատասխանատու մարդիկ չենք նշանակում, և որևէ քաղաքական ուժ իրավունք չունի նման քայլի գնալու: Եթե բոլոր հավակնողներին և բոլոր ցանկություն ունեցողներին մենք նշանակենք մեկին՝ վարչապետ, մեկին՝ նախագահ, մյուսին՝ ավելի պատասխանատու պոստերի, ես կարծում եմ, որ մենք դրանով առաջ չենք գնա»:
Դիտարկմանը, որ մի բան է ցանկության դեպքում նշանակվելը, մի այլ բան` չցանկանալու դեպքում պարտադրելը, Վ.Բաղդասարյանը նշեց. «Ա՛յ, դա կքննարկենք` ինչո՞ւ չի ցանկանում, պետք է հիմնավորի»:
Նրա կարծիքով` քաղաքական որոշումները կայացնելու դեպքում բոլոր քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն դրանց: Բաղդասարյանը բերեց իր օրինակը` նշելով, թե բոլորովին այնպես չէ, որ ինքն ամբողջ օրը` գիշեր-ցերեկ, չի քնել, երազել է դառնալ խմբակցության ղեկավար, հակառակը՝ մի ամիս դիմադրել է. «Դժվար է, բայց քաղաքական ուժը որոշում կայացրեց, և ես ենթարկվեցի: Այս քաղաքական իշխող ուժը վերցրել է ժողովրդի և երկրի պատասխանատվությունը, և նա պետք է որոշի, թե որ անձը կարող է պատասխանատվություն կրել և որոշում կայացնել»:
Հարցին` եթե քաղաքական թիմը որոշում կայացնի, Սերժ Սարգսյանն էլ պետք է ենթարկվի՞ այնպես, ինչպես Բաղդասարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Բա, իհարկե»: