Իտալիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը աջ կենտրոնամետներն են
Աջ կենտրոնամետ կոալիցիան ձայների 37 տոկոսն է հավաքում Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում: Այդ մասին վկայում են երկրի ՆԳ նախարարության ներկայացրած տվյալները, որոնք ստացվել են քվեաթերթիկների կեսի արդյունքների ամփոփումից հետո:
Կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից «Լիգան» ստանում է ձայների 18,3 տոկոսը, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա»-ն՝ 14,1 տոկոսը: «5 աստղերի շարժում» կուսակցությունը հավաքում է ձայների 31,2 տոկոսը, ինչը լավագույն ցուցանիշն է, որը կարողացել է ստանալ առանձին կուսակցությունը:
Ձախ կենտրոնամետ կոալիցիան՝ կառավարող Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, ստանում է ձայների 24,15 տոկոսը: Ստորին պալատի՝ Պատգամավորների պալատի ընտրություններում ամփոփվել են քվեաթերթիկների քառորդ մասի տվյալները. աջ կենտոնամետներն ունեն 36,6 տոկոս («Լիգան»՝ 18,9 տոկոս, «Հառա՜ջ, Իտալիա»-ն՝ 13,2 տոկոս), «5 աստղերի շարժումը»՝ 30 տոկոս, ձախ կենտրոնամետները՝ 24, 9 տոկոս (Դեմկուսակցությունը՝ 20,4 տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: