Բաժիններ՝

«ՄԻԵԴ-ի վճռից հետո կսկսվի Մարտի 1-ի գործի իրական քննությունը»․ փաստաբան. «Ազատություն»

Երևանում մարտի 2-ին կայացել է «Մարտի 1-ի գործը միջազգային և դատական ատյաններում» թեմայով քննարկում, որի ժամանակ փաստաբան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ, Դատարան) Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրել է գործի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացնող Վահեր Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Դատարանում Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ սպանությունները բացարձակ անհրաժեշտություն են եղել խռովությունը ճնշելու համար։

Փաստաբանի խոսքով, Մարտի 1-ի ինը զոհերի գործերը դատարան են ներկայացված կյանքի իրավունքի խախտման և արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հիմքով։

«Կյանքի իրավունքը էն իմաստով, որ պետության ներկայացուցիչները սպանել են առանց բավարար հիմքերի և պայմանների։ Կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Որոշ պայմաններում դրան միջամտելը թույլատրելի է, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում նշված հիմքերի։ Մենք ասում ենք, որ հիմքերից որևէ մեկը առկա չի եղել․ մարդկանց նկատմամբ մահաբեր ուժը կիրառվել է կամայականորեն, ոմանց մասով էլ մենք պնդում ենք, որ նրանք դիտավորյալ են սպանվել», – ասաց Վահե Գրիգորյանը։

Գրիգորյանի դիտարկմամբ, այս գործի ողջ խնդիրը նրանում է, որ քաղաքական կամք կա այն չբացահայտելու։

Փաստաբանը նշեց, որ այս նույն կոնտեքստից բխող հիմա Եվրոպական դատարանում 20-ից ավելի գործեր կան։

«Հետևանքները՝ Եվրապական դատարանը վճիռ կայացրեց, ասեց ՝ էս մարդկանց նվազագույն փոխհատուցում տվեք և այլն։ Պետությունը պարտավոր է արդյունավետ քննություն ապահովել նաև դրանից հետո։ Իրականում, մեր կարծիքով, Եվրոպական դատարանի կողմից իրավունքի խախտումը ճանաչելուց հետո իրական քննությունը նոր սկսվելու է, երբ որ Նախարարների կոմիտեն պետք է վերահսկի վճռի կատարման ընթացքը, որովհետև մենք հնարավորություն ենք ունենալու Նախարարների կոմիտեին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել էն մասին, թե նախաքննության մարմինը համագործակցում է տուժողների հետ, թե՝ ոչ։ Իրականում գործը հանրության համար նոր է սկսվելու»,- վստահություն հայտնեց Վահե Գրիգորյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս