
«Աչմա». շատ պարզ բաղադրատոմս նրանց համար, ովքեր սիրում են վրացական խոհանոցը

Դասական տարբերակում այս ուտեստը իրենից ներկայացնում է նրբագույն պանրային պիրոգ՝ խմորի բազմաթիվ շերտերով: Դասական միջուկն «Աչմայի» համար կովկասյան աղի պանիրն է:
Այս ուտեստի պատրաստումը բավականին հետաքրքիր, բայց երկար գործընթաց է: Դրա համար առաջարկում ենք «Աչմայի» պարզեցված բաղադրատոմսը՝ լավաշով:
Լավաշով «Աչմա»
Բաղադրիչներ
1. Լավաշ – 4-5 հատ
2. Կեֆիր – 0.5 լ
3. Ձու – 4 հատ
4. Կարագ – 100 գ
5. Պանիր «Սուլուգունի» – 500 գ
6. Կաթնաշոռ – 500 գ
7. Աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը տրորել, սուլուգունին անցկացնել մանր քերիչով, խառնել իրար խորը թասի մեջ: Խառնել կեֆիրը ձվի և աղի հետ:
2. Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել և խաչաձև փռելով՝ տեղավորել 2 հատ լավաշ:
3. Լավաշների վրա լցնել 2 ճ/գ հալեցրած կարագը, հետո առատ լցնել կաթնաշոռի և պանրի խառնուրդը: Պատրաստի շերտի վրա նորից լցնել 2 ճ/գ կարագ և կեֆիրային զանգվածի կեսը:
4. Մեկ հատ լավաշ պատել ձվակեֆիրային զանգվածով և փռել պանրի վրա:
5. Վերջին փռված լավաշի վրա նորից նույն հերթականությամբ լցնել կարագ, պանրային զանգված և կեֆիրային զանգված: Ծածկել վերջին լավաշով:
6. Թխել «Աչման» 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը