
Եվրոպայի օդանավակայանների աշխատանքում ընդհատումները շարունակվում են վատ եղանակի պատճառով

Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Այդ մասին հայտնել են օդանավակայանները: Ժնեւի օդանավակայանը, որը մարտի 2-ի վաղ առավոտյան փակվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, իր կայքում հայտարարել է աշխատանքը վերսկսելու մասին: Այդուամենայնիվ, օդանավակայանի վարչությունը նախազգուշացնում է, որ ուղեւորներն առաջվա պես կարող են կանգնել չվերթների չեղարկման կամ հետաձգման խնդրի առջեւ:
Մինչեւ մարտի 3-ը փակ են Իռլանդիայի երեք խոշորագույն օդանավակայանները, մասնավորապես, Դուբլինի օդանավակայանը: «Ձյան սաստիկ տեղումների վերաբերյալ նախազգուշացման պատճառով ավիաընկերությունները մինչեւ մարտի 3-ը դադարեցրել են բոլոր թռիչքները Դուբլինի օդանավակայան եւ այնտեղից»,- ասված է օդանավակայանի հաղորդագրության մեջ: Նաեւ մինչեւ մարտի 3-ը փակվելու մասին հայտնել են Քորք քաղաքի օդանավակայանը եւ Շանոն քաղաքի օդանավակայանը:
Մեծ Բրիտանիայում Բրիստոլի եւ Էդինբուրգի օդանավակայաններից թռիչքները ժամանակավորապես դադարեցրել է easyJet ավիաընկերությունը: Մինչեւ տեղական ժամանակով 11:00-ը (Երեւանի ժամանակով 15:00-ը) փակ էր Քարդիֆի օդանավակայանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: