
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ ԱԺ հատուկ նիստում

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը: Հետևաբար, ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- նշեց Բաբլոյանը:
Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկով, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ: «Խորհրդի նիստի որոշումը ձեզ հետագայում կտրամադրվի»,- եզրափակեց Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի 9-ին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները և նոր նախագահը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կներկայացնի նաև ՀՀ կառավարությունը:
ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր: