
«ԱԺ-ում հաշմանդամություն ունեցող քանի՞ պատգամավոր ունենք». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաշմանդամություն ունեցողների ո՞ր իրավունքն ի՞նչ ժամկետում տեսանելի իրագործման հեռանկարներ ունի.
«Մի տեսակ տպավորություն է, որ մենք օրենքներն ընդունում ենք՝ ընդամենը ի կատար ածելու այդ օրենքների համապատասխանության խնդիրը, բայց իրականում հաշմանդամություն ունեցողների խնդիրները մնում են չլուծված։ Այդ են վկայում նրանց համատարած դժգոհությունները նրանց իրավունքների վերաբերյալ»։
Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ օրենքը ոչ միայն մեր ստանձնած միջազգային պարտավորությունների իրացմամբ է պայմանավորված, այլ առաջին հերթին, կա այն համոզումը, որ օրենքը մի քանի քայլ առաջ է, օրենսդրական, իրավական հիմք է ստեղծում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործընթացում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. «Ինչպիսին կլինի դրա արդյունքները, մենք օրենքն ընդունելուց հետո պետք է բերենք համալիր ծրագիր, որն արդեն օրենքի կիրառումը պետք է ապահովի բոլոր ոլորտներով, բոլոր ուղղություններով։ Եթե նախկինում մեր որդեգրած քաղաքականությունը եղել է կոնսերվացման քաղաքականություն, ապա ներկայիս քաղաքականությունը հակառակն է, ներառման քաղաքականություն է, բոլորի համար պետք է հավասար պայմաններ ապահովենք»։
Պետրոսյանը խնդրեց իր հարցին կոնկրետ պատասխանել. «Եթե մենք օրենքի որակից խոսենք, դուք ամեն ինչ լավ հիմնավորում եք, բայց այսօր ԱԺ-ում հաշմանդամություն ունեցող քանի՞ պատգամավոր ունենք, կառավարությունում հաշմանդամություն ունեցող քանի՞ նախարար ունենք։ Այսինքն՝ եթե մենք օրենքներն ընդունում ենք, բայց դրանք ի կատար չեն ածվում, չե՞ք գտնում, որ դրանք դառնում են ինքնանպատակ։
Արտեմ Սարգսյանն էլ ասաց, որ ինքը հենց պատգամավորի հարցին էր պատասխանում։