
«Աստված պատժեց ինձ». Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդական Ջոն Քելլին կյանքում ամենից քիչը կցանկանար հեռանալ ներքին անվտանգության նախարարի պաշտոնից ԱՄՆ-ի վարչակազմում աշխատանքի անցնելու համար եւ դա ի վերուստ տրված պատիժ է համարում:
Այս կարծիքը նա հայտնել է մարտի 1-ին Վաշինգտոնում ներքին անվտանգության նախարարության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Վերջին բանը, որը ես ցանկացել եմ, հրաժեշտ տալն էր ամենամեծ պատվին, որն ինձ վիճակվել է կյանքում,- լինել ներքին անվտանգության նախարար: Բայց ես ինչ-որ բան այնպես չեմ արել, եւ Աստված պատժեց ինձ»,- ասել է Քելլին: Նա Սպիտակ տուն աշխատանքի է անցել հուլիսին՝ այնտեղից աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնս Փրիբասի հեռանալուց հետո: Ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնն այժմ զբաղեցնում է Քրիստիեն Նիլսենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: