Բաժիններ՝

««Սարմատը» շատ ահեղ զենք է». Պուտին

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքի սկիզբը դարձավ ԱՄՆ-ի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե դուք խոսում եք սպառազինությունների մրցավազքի մասին, այն սկսվեց, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀՀՊ-ի մասին պայմանագրից»,- ասել է Պուտինը լրագրող Մեգան Քելլիի հետ զրուցելիս: Նա նաեւ նշել է, որ «սառը պատերազմի» վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունները քարոզչություն է, եւ նրանք, ովքեր խոսում են այդ մասին, իրականում վերլուծաբաններ չեն: Զենքի նոր համակարգերի փորձարկումների արդյունքների վերաբերյալ հարցին Պուտինը պատասխանել է. «Շատ լավն են»:

Նա հավելել է, որ համակարգերից յուրաքանչյուրը գտնվում է պատրաստության որոշակի փուլում: Մի մասը լրամշակում է պահանջում, իսկ դրանցից մի քանիսն արդեն զորքերում են: ՌԴ նախագահը, մարտի 1-ին հանդես գալով Դաշնային ժողովին հղված ուղերձով, հայտնել է, որ Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Ելույթի ընթացքում էկրաններին ցուցադրվել է այդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:

Պուտինը նշել է, որ «Սարմատը» հանդերձված կլինի լայն սպեկտրի մեծ հզորության, այդ թվում՝ գերձայնային միջուկային ռազմամթերքով: Եվ հակահրթիռային պաշտպանության հաղթահարման ամենաարդիական համակարգերով: Պուտինն ընդգծել է, որ «Սարմատը» կարող է թիրախներ գրոհել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային բեւեռի միջով: «Սարմատը» շատ ահեղ զենք է: Նկատի առնելով դրա բնութագրերը, հակահրթիռային պաշտպանության ոչ մի կարգի, նույնիսկ հեռանկարային համակարգեր խոչընդոտ չեն դրա համար»,- ասել է ՌԴ-ի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս