
Վարդենիսի զինհոսպիտալի պետի տեղակալ Վառեկը փայաբաժնով դեղատուն է բացել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս:
«ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ: Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա, այդ պատճառով եւ քաղաքացիները եւ զինվորականները օգտվում են զինվորական հոսպիտալից:
Տեղեկություններ կան, որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը՝ Վառեկ մականունով, տեղացիներից մեկի հետ, փայաբաժնով դեղատուն է բացել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձեւաթղթերը եւ մինչ օրս Վարդենիսի հոսպիտալի հիվանդները այցելում են կոնկրետ «Մեդ ֆարմ» դեղատուն եւ այնտեղից պարտադրված գնումներ են կատարում:
Ու դժվար թե դեղերի վաճառքի նոր կարգը որեւէ բան փոխի այդ իրավիճակում, քանի որ Վարդենիսում առկա մյուս 5 դեղատները զրկված են քաղաքի միակ բուժհաստատությունում բուժվողների գնումներից: Հետաքրքիր է՝ ուր է նայում կոռուպցիայի դեմ պայքարող ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: