«Թեղուտի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է և ընթացքի մեջ է». Նախարար
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց հնչեցրեց Թեղուտի հանքի վերաբերյալ:
«2007 թվականին Թեղուտի հանքի բացման համար ՎՏԲ բանկը մեզ տրամադրել է 250 միլիոն դոլարի վարկ, դրանից հետո նմանատիպ խոշոր վարկային միջոց որևէ հայկական կազմակերպության որևէ ռուսական բանկից չի տրամադրվել: Այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել այդ ներդրումային ծրագիրը: Հիմա պարզվում է, որ Թեղուտում կան խնդիրներ, հանքը փակվել է, ու ֆինանսական լուրջ պարտավորություններ կան, որ կարող են չկատարվել: ՀՀ-ն որևէ երաշխիքներ ունի՞ այդ պարտավորությունների նկատմամբ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց. «Թեղուտի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է և ընթացքի մեջ է, ներկայումս այնտեղ ուսումնասիրություններ են իրականացվում՝ պոչամբարի հետ կապված, և երկու միջազգային կազմակերպություններ ուսումնասիրություններ են անում, թե ինչպես այդ պրոյեկտն անվտանգ կշարունակի իր գործունեությունը: Պետության կողմից որևէ երաշխիք չի տրամադրվել այդ պրոյեկտի ֆինանսավորման մասով, և այդ պրոյեկտը կշարունակի իրականացվել համապատասխան վերազինումից հետո»: