«Եթե ՀԱԿ-ը լիներ պառլամենտում, Նիկոյանը չէր կարողանա խոսել․երևի հակադարձող չի եղել». Լևոն Զուրաբյան

«Նիկոյանը մինչև վերջ չհասկացավ՝ ինչ կատարվեց իր հետ։ Ամբողջ ՀՀԿ-ից ընտրել էին մի անձի, որն իրենց կարծիքով՝ մի քիչ քիչ է ենթակա հասարակական ատելությանը, մի քիչ սիմպատիա ունի հասարակության մեջ, և նա արել է ամենակեղտոտ գործը, որն իրեն հանձնարարված էր՝ կոծկել Մարտի 1-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ իրենք չէին կարող հարցաքննության կանչել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց իր խոստումը չկատարելու մեջ. «Առաջին նախագահին՝ Դուք միտինգների ժամանակ հայտարարում էիք՝ էլ ինձնից բացի՝ թող ոչ մի զոհ չպահանջվի, և ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության և ամեն ինչի մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր-հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ՝ «իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա»: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահովված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էր: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին՝ նախագահ, վարչապետ, ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգություն, մի ամբողջ իշխանություն այնտեղ էր, բա չգիտեի՞ք՝ իշխանության քայլերն ինչ էին լինելու»։

Լևոն Զուրաբյանն ընդգծեց. «Նիկոյանը չհասկացավ՝ ոնց իրեն փչացրին, ոնց փչացավ։ Այսինքն՝ ինչ-որ պահի հասկացել էր, լռել էր, ձայն չէր հանում, հիմա նորից սկսել է խոսել։ Եթե ՀԱԿ-ը լիներ պառլամենտում, Նիկոյանը չէր կարողանա խոսել․երևի հակադարձող չի եղել, դրա համար էլ պահից օգտվել է և խոսել։ Նիկոյանին հակադարձող եղա՞վ, մեկն ասա՞ց՝ ինչո՞ւ ես դու քո հնամաշ, բազմիցս հերքված բառերը նորից ասում, ինչո՞ւ ես ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր գալ ցուցարարների մոտ, այնինչ բոլորին հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը գտնվել է ապօրինի տնային կալանքի տակ։ Պարզ է, որ իշխանությունը չէր կարող ասել, որ նա տնային կալանքի տակ էր գտնվում, որովհետև նման բան նախատեսված չէ մեր օրենսդրությամբ։ Բոլոր այն մարդիկ, որոնք շարունակում են պնդել, որ Տեր-Պետրոսյանը չի եղել ապօրինի տնային կալանքի տակ, ես հարցականի տակ եմ դնում նրանց պարկեշտությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս