«Ռոբերտ Քոչարյանն է կրում առաջնային պատասխանատվություն Մարտի 1-ի դեպքերի համար». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից և ասաց, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «2008թ. մարտի 1-ին կատարվել է հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր ընտրություններում, ընտրությունների արդյունքները կեղծել էին, հաղթանակը գողացել էին, 100 հազարավոր ժողովուրդ դուրս էր եկել փողոց՝ խաղաղ ցույցերով վիճարկելու համար այդ գողությունը։ Ստեղծվեց մի իրավիճակ, որ մարտի 8-ին նշանակված էր Սահմանադրական դատարանի նիստ, իսկ շարժումը գնալով ուժեղանում էր։ Եվ ինչ-որ պահի իշխանությունները հասկացան, որ պարտված են։ Ակնհայտ էր, որ այդպիսի ակտիվության, զանգվածային ճնշման պարագայում նա չէր կարողանում ՍԴ-ի վրա ազդել, և  մարտի 8-ին ՍԴ-ն առնվազն որոշում էր ընդունելու երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ իշխանությանն այլ բան չէր մնում, քան ամենաբռնի ու կոշտ միջոցներով ջարդել այդ ցուցարարներին և շեղել ընթացքը. «Այսինքն՝ ջարդելով խաղաղ ցուցարարներին, մտցնելով արտակարգ դրություն, նրանք պետք է վերաստանձնեին այդ հնարավորությունը՝ ազդելու ՍԴ-ի վրա, ինչը և տեղի ունեցավ։ Դրա մասին էլ տեղեկություններ կան, թե ինչպես է Արմեն Գևորգյանը զանգել Քոչարյանի անունից առնվազն չորս դատավորի և արդեն ճնշումներ գործադրել՝ պարտադրելով բռնությամբ այն որոշումը, որը պետք էր ռեժիմին։ Սա էր Մարտի 1-ի ամբողջ բովանդակությունը։ Իշխանությունը պարտվելով՝ հասկացավ, որ իշխանությունը պահելու միակ հնարավորությունը, միակ տարբերակը ժողովրդի արյան գնով այն պահելն է։ Կատարվեց ամենաողբերգալի բանը. մեր հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները կրակեցին սեփական ժողովրդի վրա»։

Ըստ Զուրաբյանի՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերը ծանր հետք են թողել ժողովրդի հոգեբանության վրա, որի հետևանքներն այսօր նկատելի են երկրում. «Մենք պետք է հասկանանք, որ և՛ արտագաղթի այն տեմպերը, որ կան այսօր, և՛ կոռուպցիայի այս տեմպերը, այս ծավալները, և՛ տնտեսական զարգացման խոչընդոտները կապված են հենց նրա հետ, որ Մարտի 1-ից հետո ժողովուրդը հասկացավ՝ ինքն օտարվել է սեփական երկրից»։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերի պատասխանատուներին, ապա Զուրաբյանն ասաց, որ այդ օրվա իշխանություններն ամբողջապես պատասխանատու են դրա համար. «Այդ իշխանության գլուխը եղել է Ռոբերտ Քոչարյանը, նա է ստորագրել հրամանագիրը, իր հրամանով է բանակը թողել սահմանը, եկել՝ Երևանում ներքաղաքական ճնշումներ իրագործելու համար։ Մենք այդ բոլոր փաստաթղթերն ունենք։ Բնականաբար, իշխանության գլուխը կրում է առաջնային պատասխանատվություն կատարվածի համար, բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի վրա չկա պատասխանատվություն։ Նա կրում է այնքանով պատասխանատվություն, ինչքանով եղել է այդ թիմի մասը: Բացի դրանից՝ դրան գումարվում է նաև կոծկման պատասխանատվությունը, որովհետև 2008թ. ապրիլի 9-ից հետո իշխանությունն արդեն եղել է Սերժ Սարգսյանինը։ Սերժ Սարգսյանի մեղավորության ամենամեծ ապացույցն այն է, որ իր նախագահության 10 տարվա ընթացքում այս ամենը կոծկվել է։ Սերժ Սարգսյանն իր վրայից մեղավորությունը հանելու մեկ հնարավորություն ունի. թող բացահայտի, մարդկանց բերի պատասխանատվության, պատժի, այդ դեպքում կարող է ապացուցել, որ պատասխանատուներն այլ մարդիկ են»։

Կարդացեք նաև

ՀԱԿ-ի փոխնախագահը նկատեց՝ մեղավորները, կազմակերպիչները, կատարողները պետք է կանչվեն արդարադատության, Հայաստանի իշխանությունները ներողություն խնդրեն սեփական ժողովրդից կատարվածի համար. «Ընդ որում, անպայման չէ, որ հենց կատարողները ներողություն խնդրեն։ Ես հասկանում եմ, որ հիմա ֆանտաստիկայի ժանրից է դա թվում, բայց այդ օրը գալու է»։

Նա հավելեց, որ հանրահավաքի հրավեր որևէ ուժի չեն ուղարկել, քանի որ կարծում են, որ Մարտի 1-ը դատապարտող ուժերը կգնան այդ հանրահավաքին. «Եթե ժողովուրդ քիչ հավաքվի, ու դա տեսնի իշխանությունը, այդ ժամանակ իշխանությունն ինքն իր համար կորոշի, որ ժողովուրդը մարսել է Մարտի 1-ը, իսկ իրենց ստեղծած համակարգը հավերժ է, ժողովուրդն էլ կոտրված է և արժանապատվություն չունի»։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությանը՝ Զուրաբյանն ասաց, թե ինքը չի կարող խոսել այդ մասին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս