Ներդրումների և ՀՆԱ աճը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2017թ. ներդրումների և ՀՆԱ աճին: Նա չհամաձայնեց այն պնդումների հետ, թե սոցիալական վիճակը վատացել է. «Սոցիալական վիճակը չի կարող վատանալ, բայց որպեսզի արդյունքները տեսանելի լինեն, պետք է երկարատև լինի»:
Ըստ նրա` ՀՆԱ աճը հիմնականում ծառայության և արդյունաբերության աճի հաշվին է. «Արդյունաբերության աճի` 12.6%-ի մեջ մեծ տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունն է, որի աճը եղել է 15.7%, մշակող արդյունաբերությունն ապահովել է 9.7%»:
168.am-ի հարցին` արդյոք գոհացուցի՞չ է, որ ներդրումների մեծ մասը հանքարդյունաբերության ոլորտում է կատարվել, Կարայանը հստակ պատասխան չտվեց. «Ոչ միայն հանքարդյունաբերության, այլ բոլոր ոլորտներում կան ներդրումներ»:
Հարցին, որ 10 տարում առաջին անգամ է նման ծավալի ներդրումներ և ՀՆԱ աճ արձանագրվել, իսկ Սերժ Սարգսյանը, կարծես, հավակնում է վարչապետի պաշտոնին, արդյոք սա քաղաքական ենթատեքստ ունի՞, Ս.Կարայանը պատասխանեց` «Ոչ»:
Դիտարկմանը` այսինքն, սա Կարեն Կարապետյանի՞ ձեռքբերումն է, ՀՀԿ-ական նախարարը հակադարձեց. «Սա կառավարության և իշխող կուսակցության ձեռքբերումն է»:
Իսկ թե արդյոք վարչապետի փոփոխությունից հետո, երբ Կարեն Կարապետյանը չլինի կառավարության ղեկին, այս ձեռքբերումները կպահպանվե՞ն, Կարայանն անպատասխան թողեց: