Բաժիններ՝

Երևանի երթուղային ցանցի նոր մոդելը կիրառելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին և ժամերին

WYG խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված Երեւանի նոր երթուղային ցանցը կհամապատասխանի միջազգային նորմերին: Այս մասին Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ ասաց ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ «Երթուղային նոր ցանցի մշակման ժամանակ մենք ուսումնասիրել ենք Երեւանի բնորոշ առանձնահատկությունները, նաեւ երթուղային ցանցի հասանելիության տարբերակները»,-ասաց նա:

Բառլեյը նշեց, որ աշխատանքային խմբի եւ քաղաքապետարանի կողմից ներկայացած առաջարկությունները շատ օգտակար են եղել եւ հաշվի են առնվել վերանայված տարբերակում: «Երթուղային ցանցի այն մոդելը, որ մենք ստեղծել ենք, կիրառելի է շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին»,-հավելեց նա:

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն էլ վստահեցրեց, որ նոր ցանցով նախատեսվող 18 մետրանոց ավտոբուսները խցանումներ չեն առաջացնի մայրաքաղաքում: «Մենք նախկինում էլ նման ավտոբուսներ շահագործել ենք: Մեկ տրանսպորտային միջոցը տեղատարողունակության հաշվին երկու վարորդ կունենա, արդյունքում աշխատավարձի, աշխատանքի վարձատրության գները չեն ավելանում, բայց վարորդները աշխատում են երկու հերթով: Արվելու է առավելագույնը տրանսպորտի սակագինը չբարձրացնելու եւ նույնը թողնելու համար»,-ասաց Նիկոյանը:

Նրա առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս