Պիկասոյի գործերը վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի Լոնդոնի աճուրդներում
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
«Հրացանակիրը եւ մերկ նստած աղջիկը» (1967 թ.) կտավը, որը պատկանում է իսպանացի եւ ֆրանսիացի մեծ գեղանկարչի ամենաուշ շրջանի ստեղծագործություններին, վաճառվել է 13 մլն 733 հազար 750 ֆունտ ստեռլինգով (19 մլն 172 հազար 315 դոլար) եւ առավել հաջող վաճառված լոտն է դարձել «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստի» երեկոյան աճուրդներում:
Պիկասոյի մյուս կտավը՝ «Ֆիգուրա»-ն, որն ստեղծվել Է 1930 թվականին, ձեռք է բերվել 8 մլն 333 հազար 750 ֆունտ ստեռլինգով (11 մլն 633 հազար 915 դոլար) եւ ամենաթանկը դարձել «Սյուռեալիզմի արվեստի» աճուրդում, որն ավելի ուշ է անցկացվել:
Իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների գործերի աճուրդներում վաճառվածների մեջ արժողությամբ երկրորդը դարձել է Էդգար Դեգայի (1834-1917 թ.) «Կուլիսների հետեւում» կտավը, որն ստեղծվել է մոտավորապես 1882-1885 թվականներին եւ այժմ աճորդով վաճառվել է 8 մլն 993 հազար 750 ֆունտ ստեռլինգով:
Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու (1866-1944 թթ.) «Բնանկարի Էսքիզ» գործը (1910 թ.) ձեռք է բերվել 6 մլն 758 հազար 750 ֆունտ ստեռլինգով:
Կլոդ Մոնեի (1840-1926 թթ.) երկու գործերը՝ «Մարգագետին՝ Ժիվերնիում» (1885 թ.) եւ «Վարդակակաչներ» (1887 թ.) կտավները, միասին վաճառվել են 7 մլն 546 հազար 250 ֆունտ ստեռլինգով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: