Ամերիկացի կինոակադեմիկոսները քվեարկել են «Օսկար» մրցանակի դափնեկիրների օգտին
ԱՄՆ-ի կինոակադեմիայի անդամներն ավարտել են քվեարկությունը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հաղթողների օգտին։ Քվեարկությունն սկսվել էր փետրվարի 20-ին: Մեկ շաբաթվա ընթացքում կինոակադեմիկոսները կարող էին ձայն տալ իրենց ֆավորիտների օգտին: Եթե յուրաքանչյուր կատեգորիայի անվանակարգորդներին ընտրում են կազմակերպության պրոֆեսիոնալ բաժանմունքների շրջանակներում, ապա հաղթողներին ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են կինոակադեմիայի բոլոր անդամները:
2018 թվականին կինոակադեմիկոսները վերջին անգամ իրենց ֆավորիտների օգտին կարող են քվեարկել թղթի վրա. սկսած հաջորդ տարվանից՝ կինոակադեմիկոսները քվեարկելու են միայն առցանց:
Այս տարի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում գլխավոր պարգեւին հավակնում է ինը կինոնկար՝ «Հեռու ինձանից», «Լեդի Բյորդ», «Թափանցիկ թել», «Մութ ժամանակներ», «Ջրի ձեւը», «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի», «Ինձ կոչիր իմ անունով», «Դյունկերկ» եւ «Գաղտնի դոսիե» ֆիլմերը:
ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման հոբելյանական 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում: Այն երկրորդ անգամ անընդմեջ վարելու է կատակերգակ Ջիմի Քիմելը: «Օսկար» մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: