
Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից: Ալբերտ Մկրտչյանը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան երկար հիվանդությունից հետո։ Փետրվարի 27-ին լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։
Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27–ին Լենինականում։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995-1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։