«Կիևի մրցաշարը որակապես գոհացնող մրցաշար էր». Լևոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի համար Կիևի մրցաշարը որակապես գոհացուցիչ էր:
«Կիևի միջազգային մրցաշարը կազմակերպած էր շատ բարձր մակարդակով: Բոլոր մասնակից թիմերը ներկայացել էին առաջին հավաքականներով: Նրանցից էին Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի ընտրանիները: Որակապես գոհացնող մրցաշար էր: Մեր մասնակցությունից ևս գոհ եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև ըմբշամարտի կանոններում կատարված նոր փոփոխությունների մասին` մասնավորապես փաստելով. «Նոր կանոններում դեռևս կան փոքրիկ թերություններ, որոնց վրա UWW –ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան) դեռ պետք է աշխատի: Ի տարբերություն 2017 թվականի` ներկայիս փոփոխությունները դրական են»:
Հայաստանի հավաքականը մարտի 5-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում, իսկ դրանից մեկ շաբաթ անց կմեկնի Բելառուս` կրկին հավաքների:
Կիևի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալների: