Սիրիայում բախումները շարունակվում են. շուրջ 1000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված երկու հիմնական ուղղություններով: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում, իսկ արևելյան Ղութայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի, դաշնակիցների և ընդդիմադիր զինյալների միջև: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Իրավիճակը Սիրիայի որոշ հատվածներում շարունակում է մնալ լարված՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի, որով պահանջվում է զինադադար հաստատել:
Աֆրինի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնող Թուրքիան հայտարարում է, որ դրանք կշարունակվեն:
«Որոշ մարդիկ խառնում են Աֆրինում մեր կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը արևելյան Ղութայի գործողությունների հետ: Ակնհայտ է, որ Անվտանգության խորհրդի բանաձևը վերաբերվում է միայն արևելյան Ղութային, քանի որ զտման գործողությունը, որ մենք իրականացնում ենք խաղաղ բնակչությանը փրկելու համար, ուղղված է ընդդեմ ահաբեկիչների»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետը քննադատել է Ասադի կառավարությանը Ղութայի գործողությունների համար:
«ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ասադի վարչակարգը հարձակվեց արևելյան Ղութայի ուղղությամբ: Կան նաև լուրջ մեղադրանքներ քիմիական զենքի կիրառման մասին: Մենք մտահոգված ենք, որ արևելյան Ղութայի զանգվածային սպանությունները ավելի կշատանան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Իսկ այդ ընթացքում արևելյան Ղութայում շարունակվում են ընթանալ կատաղի ռազմական գործողություններ: ՄԱԿ-ը հայտնում է, որ դրանց պատճառով անհնարին է եղել մարդասիրական որևէ օգնություն հասցնել տուժածներին:
Ռուսաստանը հայտարարել է 5 ժամանոց միակողմանի զինադադար՝ տեղում մարդասիրական միջոցառումներ իրականացնելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով շուրջ 1000 մարդ անհապաղ դուրս բերման կարիք ունի ռազմական գործողությունների գոտուց: Զոհերի քանակը շարունակում է աճել: ՄԱԿ-ը պնդում է 30 օրյա զինադադարի պահպանման անհրաժեշտության մասին: