
Իրանը նոր ռազմակայան է ստեղծել Դամասկոսից ոչ հեռու. Fox

Իրանը նոր մշտական ռազմակայան է ստեղծել Սիրիայում, որտեղ գտնվում են հրթիռներ պահելու համար նախատեսված անգարներ: Այս պնդումը տեղ է գտել այն նյությում, որը փետրվարի 27-ին հրապարակվել է Fox News ամերիկյան հեռուստաալիքի կայքում:
Արեւմտյան երկրների հետախուզական ծառայությունների աշխատակիցների թվից նրա աղբյուրների վարկածով՝ օբյեկտը գտնվում է Դամասկոսից 12 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Կայքում զետեղված են արբանյակային լուսանկարներ, որոնք իբր հաստատում են դա: Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանը վերահսկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ուժերը:
Նյութում ասված է, որ անցյալ տարի արբանյակների օգնությամբ իրանական մեկ այլ ռազմակայան էր հայտնաբերվել Դամասկոսից հարավ ընկած շրջանում: Այն իբր ոչնչացվել է իսրայելական ուժերի հրթիռային հարվածով:
Ավելի վաղ Իսրայելը քանիցս Թեհրանին մեղադրել է Սիրիայում եւ Լիբանանում բարձրճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտներ կառուցելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: