
Ադրբեջանը չի կարողանում հաղթահարել 2015թ. սկսված տնտեսական ճգնաժամը

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիևը վստահեցնում է, որ Ադրբեջանը չի հաղթահարել 2015թ. սկսված տնտեսական ճգնաժամը և տնտեսական կայունության հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տարի: Նրա կարծիքով` էներգակիրների գների անկման պարագայում տնտեսական վիճակը կարող է ավելի վատթարանալ: Այս մասի հայտնում է ադրբեջանական www.gununsesi.info-ն:
«Ադրբեջանը չի հաղթահարել 2015թ. սկսված տնտեսական ճգնաժամը: Տնտեսության ամենամեծ խնդիրը գնաճն է: Բնակչության կենսամակարդակը շարունակում է անկում ապրել: Եթե էներգակիրների գները կրկին իջնեն, տնտեսության վիճակն ավելի կվատթարանա»,-նշել է ադրբեջանցի փորձագետը:
Ադրբեջանի բնակչության կենսամակարդակի շարունակական անկումը արտացոլվում է նաև այդ երկրում ինքնասպանությունների թվաքանակի աճով:
Փորձագետները Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը:
Վերջին երկու տարիներին լայն տարածում են ստացել բանկերի դիմաց իրականացվող ինքնահրկիզման դեպքերը: