Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ-ի և Մտավորականների խորհրդի անդամների հետ
Այսօր՝ 2018թ. փետրվարի 27-ին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
Արմեն Սարգսյանի առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ և մտահոգություններ ներկայացրեցին: Մասնավորապես, արտագաղթ՝ պատճառների բացահայտում և վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արևային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Հատուկ շեշտադրում արվեց երկրում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման անհրաժեշտության վրա:
Նախագահի թեկնածուն մանրամասն անդրադարձավ բարձրացված հարցերին՝ դրանց լուծման գրավականը համարելով նաև երկխոսության անհրաժեշտությունը, հատկապես իշխանության և ժողովրդի միջև: Նաև արժևորեց նախագահի ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության անհրաժեշտությունը, շեշտելով, որ պետք է քանդվեն տարիների ընթացքում ձևավորված այսպես կոչված «բեռլինյան պատերը» իշխանության և հանրության, քաղաքական ուժերի՝ միմյանց միջև, հայրենիք-սփյուռք հարաբերություններում:
Միաժամանակ, նախագահի թեկնածուին առաջարկվեց պարբերաբար հեռուստատեսային զրույցներ վարել հանրության հետ: Ի պատասխան Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ պատրաստ է մշտական շփումների:
Հանդիպման ավարտին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին նվիրեց ՀԴԿ հիմնադիր, Հանրապետական խորհրդի անդամ, Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների քառահատոր ժողովածուն, նշելով, որ 2019թ. հունվարին լրանում է բանաստեղծուհու 100-ամյակը և հույս հայտնեց որ Արմեն Սարգսյանը գործուն մասնակցություն հանդես կբերի հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու համար:
Հանդիպման մասնակիցները հաջողություն մաղթեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին և պատրաստակամություն՝ աջակցելու բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը և հզորացմանը:
ՀԴԿ լրատվական ծառայություն
27.02.2018թ.