«Առանց մեզ՝ չկա «Ելք դաշինք». Էդմոն Մարուքյանը հերքում է
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, որ «Ելք» դաշինքում թեժ բանավեճ է եղել Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված, և անգամ Սասուն Միքայելյանը փորձել է հարվածել Փաշինյանին:
«Ինչ-որ բամբասանք մեկնաբանելու իմաստ չկա: Ես անգամ ձեռնամարտի մասին որևէ նյութ չեմ տեսել: Այո, «Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են տարբեր հարցերով, և վերջում մենք որոշումը կայացնում ենք կոնսենսուսով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարուքյանը:
Ըստ նրա` օրակարգային հարցեր կան, որոնք քննարկվում են, և, երբ կլինի որոշում՝ կհրապարակեն, բայց խնդիրը պայքարի արդյունավետ միջոցի ընտրությունն է: Նրա խոսքով՝ առկա է մեկ կոնսենսուս. «Ելք» դաշինքի համար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է:
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից նրան Ազատության հրապարակ գործուղելու հարցը «Ելքում» չի քննարկվել:
Է.Մարուքյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքն իր թիմով հեռանալու է դաշինքից. «Դա ապատեղեկատվություն է: Նման բամբասանքներին ընդհանրապես պետք չի տրվել: «Ելքը» ես չեմ պատկերացնում առանց մեզ, և չի էլ կարող լինել առանց մեզ: Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի առաջին համարն է եղել, ես գլխավորել եմ դաշինքի ցուցակը, «Լուսավոր Հայաստանը» դաշինքի երեք ուժերից մեկն է, և առանց մեզ՝ չկա «Ելք» դաշինք»: