«Մեկ Անաստաս Միկոյանն է այդքան երկար իշխանության մեջ եղել, մեկ էլ՝ Գագիկ Հարությունյանը». Վարդան Բոստանջյան

«Մենք ունենք այսքան լավ իրավաբաններ, այսքան լավ մասնագետներ, գիտնականներ, որոնք նաև լուրջ պաշտոններ են զբաղեցրել, ունեն բավականին մեծ փորձառություն, այս ամենով հանդերձ՝ ունենք չկայացած, հանրության կողմից չընդունված, բոլոր միջազգային կառույցների կողմից կասկածի տակ դրվող դատական համակարգ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ մեր իրավական համակարգն անկախ չէ և հիվանդ է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը համաձայնեց Ա. Սարգսյանի դիտարկումների հետ՝ ասելով. «Որպես հայ քաղաքացի՝ ուրախանում ես, որ այսպիսի մակարդակներ են հանդես գալիս: Հարգելի թեկնածուներ, կարծում եմ՝ ձեզ բացառիկ հնարավորություններ են ընձեռված՝ շտկելու ՀՀ դատական համակարգը»:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ ինքը և թեկնածուներից մեկը՝ Գևորգ Դանիելյանը, նույն «երկրացի» են. «Ինչքան դուք եղել եք ԱԺ-ում անընդհատ ուշադիր եմ եղել, որ ընդդիմադիր ուժերը ձեզ նեղ վիճակի մեջ չգցեն, որ հանկարծ չստացվի, որ դուք չպատասխանեցիք, միշտ հպարտացել եմ, որ նման մարդու հետ եմ առնչվել:

Պրոֆեսիոնալ, բարձր մակարդակ, ու չեք կարող գտնել մի տեղ, որտեղ Գևորգ Դանիելյանի վերաբերյալ հարցականներ դրված լինեն: Գագիկ Հարությունյանին ճանաչում եմ 1983 թվականից, համատեղ իրար հետ աշխատել ենք: Հետաքրքիր, բացառիկ անձնավորություն է: Հայ իրականության մեջ եզակի մարդ է, մեկ Անաստաս Միկոյանն է այդքան երկար իշխանության մեջ եղել, մեկ էլ՝ Գագիկ Հարությունյանը: Հենց այնպես չես լինում իշխանության մեջ: Իշխանությունն ամենաբարդ համակարգն է, որը միայն պրոֆեսիոնալ մարդկանց է կլանում»:

Տեսանյութեր

Լրահոս