ՍԱԲ-ը պատրաստ է 15 օրվա ընթացքում Արևելյան Գութայից դուրս բերել «Ան Նուսրայի» զինյալներին
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» (ՍԱԲ) հայտարարել է15 օրվա ընթացքում ՄԱԿ-ի հսկողության ներքո Արեւելյան Գութայից ահաբեկչական խմբավորումների զինյալներին դուրս բերելու պատրաստակամության մասին:
Այս մասին ասված է ՍԱԲ-ի՝ փետրվարի 27-ին տարածված նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:
«Լիովին հանձնառու ենք «Հեյաթ Թահրիր աշ Շամ», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ալ Քաիդա» խմբավորումների զինյալներին եւ նրանց բոլոր հետեւորդներին դուրս բերել Արեւելյան Գութայից հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում՝ սահմանված մեխաիզմներին համապատասխան եւ Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցությամբ»,- նշված է տեքստում:
Ինչպես արդեն տեղեկացվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում սկսել է գործել առաջին հումանիտար դադարը: Վաֆիդին բնակավայրում խաղաղ բնակչության ընդունման համար կազմակերպվել է միակ «հումանիտար միջանցքը», որը Դամասկոսը կապում է Արեւելյան Գութայի հետ: Հումանիտար միջանցքի ելքի մոտ ներկա են ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիական բանակի զինծառայողները:
Մինչդեռ, ինչպես փետրվարի 27-ին լրագրողներին հայտնել է «Արեւելյան Գութա» թիվ 3 ապաէսկալացման գոտու վերահսկողության խմբի պետ գեներալ Վիկտոր Պանկովը, խաղաղ բնակիչները չեն կարողանում հեռանալ Դամասկոսի արվարձանից Վաֆիդին բնակավայրի շրջանում հումանիտար միջացքի ականակոծումների պատճառով:
Ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից հումանիտար միջանցքի գնդակոծման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: