«Օդից վերցված լուրեր են». Արմեն Ռուստամյանը` Աղվան Վարդանյանի ու Դավիթ Լոքյանի փոխվարչապետության կռվի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «օդից վերցված լուրեր» է համարում շրջանառվող տեղեկությունները, թե դաշնակցականների տունը կռիվ է ընկել` ապագա փոխվարչապետի աթոռի պատճառով, և «զմիմյանս անտիդաշնակցում» են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:

«Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Ռուստամյանը:

Նա նշեց, որ քննարկումներ չկան նաև Լևոն Մկրտչյանի հետագա պաշտոնավարման շուրջ. «Բացարձակապես էդպիսի քննարկումներ տեղի չեն ունենում Դաշնակցության մեջ»:

ՀՀԿ-ի հետ էլ, ըստ Ա.Ռուստամյանի, քննարկումներ չկան. «Հավակնությունների մասին խոսելն անիմաստ է, որովհետև այդպիսի քննարկում չի էլ սկսվել: Դա կլինի ապրիլից հետո: Դեռ այնքան գործ կա անելու, ապրիլից հետո նոր այս հարցերին կանդրադառնանք: Անիմաստ է նախապես ինչ-որ թեկնածուների մասին խոսելը: Դա կոնտրպրոդուկտիվ է, մենք երբեք էդպիսի բան չենք անի, իզուր մարդկանց անունները գցենք շրջանառության մեջ, գան մեկին հարցնեն, հետո նրան հարցնեն, իմաստը ո՞րն է: Կգա ժամանակը, կոնկրետ խոսակցություններ կլինեն, հարցերին էլ կոնկրետ կպատասխանենք»:

Կարդացեք նաև

Հարցին` ՀՅԴ-ն պատրա՞ստ է կոալիցիայի ընդլայնմանը, պատգամավորը պատասխանեց. «Մենք համագործակցության տարբեր ձևաչափերին էլ պատրաստ ենք` հանուն մեր նպատակների իրականացման: Բայց այս պահին այդպիսի խոսակցություն չկա, օրակարգում նման հարց ընդհանրապես չկա»:

Տեսանյութեր

Լրահոս