
Թայվանի վարչապետը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել զուգարանի թղթի շուրջն ստեղծված աժիոտաժից

Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել այն բանից հետո, երբ զուգարանի թղթի գների մոտալուտ բարձրացման վերաբերյալ հաղորդումները դրա աժիոտաժային պահանջարկ են առաջացրել սուպերմարկետներում:
Այդ մասին գրել է Financial Times թերթը: Թայվանի բնակիչները հանգստյան օրերին վաճառասեղաններից սրբել են զուգարանի թուղթը՝ գների կտրուկ բարձրացում սպասելով թղթի արժեքի գլոբալ աճի ֆոնին:
Թայվանի China News Agency պետական գործակալության տվյալների համաձայն՝ երեք օրվա ընթացքում էլեկտրոնային առեւտրի տեղական կայքը զուգարանի թղթի 5 միլիոն գլանափաթեթ է վաճառել, ինչը 22 անգամ ավելի է սովորականից: Լայ Ցինդեն գրառում է կատարել Facebook-ում, որով կղզու բնակիչներին հորդորել է հանդարտվել ու խուճապի չմատնվել, ինչպես նաեւ հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: