Թուրքիան հերքել է Աֆրինի վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունը
Թուրքիաի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ Պենտագոնի հայտարարությունը Աֆրինի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պենտագոնի խոսնակ Էդրիան Ռենքին-Գալոուեյը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները բանակցում է Թուրքիայի հետ սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների, առկա լարվածությունը թուլացնելու թեմայով:
Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հայտնել է, թե դա իրականությանը չի համապատասխանում: «Թուրքիան Աֆրինի վերաբերյալ դիվանագիտական որևէ շրջանակի հետ բանակցությունների մեջ չէ»,- ասել է Աքսոյը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ: