Բաժիններ՝

Փայլանն «անխղճություն» է անվանել մանկահասակ աղջկան զոհելու Էրդողանի պատրաստակամությունը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մանկահասակ երեխային «հանուն երկրի զոհելու» պատրաստակամության համար: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Սա ինչ անխղճություն է: Իսկ ծափերը… Զանգվածային խելացնորությունը շարունակվում է»,- գրել է հայ պատգամավորը՝ կիսվելով կատարվածի տեսանյութով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լացելիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»: Այնուհետև Թուրքիայի նախագահը շարունակել է՝ ասելով. «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»: Ի պատասխան երեխան ասել է՝ այո, ինչն ուղեկցվել է ծափողջույններով:

Սոցիալական ցանցերում Էրդողանի նման պահվածքը լուրջ քննադատության պատճառ է դարձել: Ոմանք կիսվել են այդ տեսանյութով՝ նշելով, որ դա մոնտաժի արդյունք չէ: Մյուսները ցավալի են համարել այն հանգամանքը, որ երկրի նախագահը խոսում է մանկահասակ երեխային զոհելու իր պատրաստակամության մասին: Որոշ օգտատերեր էլ բացարձակապես անընդունելի են համարել այն, որ երեխաները պատերազմի ու քաղաքականության գործիքի են վերածվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս