Սերժ Սարգսյանը հումոր չի արել, երբ ասել է, որ չի առաջադրվելու նախագահի և վարչապետի պաշտոններում
ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու են առաջադրում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց Գ. Հարությունյանին. «2014 թվականին ձեր ներկայությամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Լո՞ւրջ էր ասում սա, թե՞ հումորային էլեմենտներ կային, կամ սեղանի տակից՝ «թխի գա» և այլն»:
Ի պատասխան՝ Գ. Հարությունյանն ասաց. «ՀՀ նախագահի հետ ունեցած իմ բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ: Նաև այդ օրը այդ խոսքը հնչեցնելիս, ձեր ասած՝ սեղանի տակ, սեղանի վրա և այլն, նման որևէ բան չի եղել, նախագահն ասել է իր կարծիքը»:
Ն. Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ ՀՀ-ում նախագահական ընտրություններ կեղծվե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Գ. Հարությունյանն ասաց, որ ՀՀ-ում չեն եղել ընտրություններ, որ իրենք խախտումներ արձանագրած չլինեն. «Նույնիսկ տասնյակներով փաստեր ներկայացվել են դատախազություններ, բայց դրանք այնպիսին չեն եղել, որ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները»: