ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է խոստացել «առաջիկա 30 օրում»
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես Twitter-ում հայտնել է Bloomberg-ի թղթակից Սալեհա Մոհսինը նա պատմել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կսահմանվեն առաջիկա 30 օրում: Մենք կիրառում ենք գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները եւ սահմանում ենք նորերը»,- պարզաբանել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը: Փետրվարի 23-ին Մնուչինը հայտարարել էր, որ իր գերատեսչությունն աշխատում է պատժամիջոցների վրա:
Նա նաեւ հավելել էր, որ նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ աշխատում է Ռուսաստանի 13 քաղաքացիների վերաբերող սահմանափակումների վրա, որոնց մեղադրել են ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեջ: