«Սա Վիգեն Սարգսյանի տարած «Ազգ-բանակ» գիծն է, որը ենթադրում է, որ ժողովուրդն է կրում պատասխանատվություն բանակի համար, այլ ոչ թե՝ իշխանությունը». Դանիել Իոաննիսյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանում խրամատների պատերը ամրացնելու համար, որպես անհապաղ լուծում, կարելի է կիրառել տուֆից կառուցվող պատերը։ Նա նշել է, որ տեխնիկական նրբությունները քննարկել է հրամկազմի հետ, և համատեղ եզրակացրել են, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով՝ հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին։ Տրանսպորտը և այլ վերադիր ծախսերը ներառյալ՝ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ, այսինքն՝ անհրաժեշտ է 4 միլիոն դրամ։
168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նման նախաձեռնություններով արձանագրվում է պետության բացակայությունը։
«Այստեղ խնդիրը դրամահավաքը չէ, այլ այն, որ դրանով արձանագրվում է պետության բացակայությունը։ ՊՆ-ն պետք է արձագանքի, պետք է կամ ասի, որ ապարդյուն է աշխատում, չի կարողանում զինվորներին լվացքի մեքենայով ապահովել, այդ դեպքում կանչենք պաշտպանության նախարարին, ասենք՝ եղբայր, բա դու ինչո՞վ ես զբաղվում։ Կանչենք նախորդ նախարարին, հարցնենք, թե նա ինչո՞վ է զբաղվել, որ այդքան բյուջե ունեն, բայց բանակի համար լվացքի մեքենա չեն կարողանում գնել կամ՝ 4 մլն դրամի տուֆ։ Սա լուրջ հարցադրում է, որ պետք է դրվի պաշտպանության նախարարի առջև։ Բայց, ընդհանուր առմամբ, սա պրոպագանդիստական արշավ է, որի հիմնական նպատակն այն է՝ բանակի վերաբերյալ պատասխանատվությունը պետության վրայից հանել և դնել քաղաքացիների վրա։ Սա բացարձակապես անընդունելի է»։
Իոաննիսյանը նկատեց՝ բանակը պետական ինստիտուտներից մեկն է, և, ինչպես մյուս ինստիտուտների դեպքում, այդպես էլ այս դեպքում պետությունն է դրա պատասխանատուն. «Եվ եթե պետությունը չի կարողանում 150 հազար դրամանոց լվացքի մեքենա կամ 4 մլն դրամի տուֆ առնել, ուրեմն՝ լուրջ հարցեր են առաջանում»։
Նրա խոսքով՝ սա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տարած «Ազգ-բանակ» գիծն է, որը ենթադրում է, որ ժողովուրդն է կրում պատասխանատվություն բանակի համար, այլ ոչ թե՝ իշխանությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բանակի համար լվացքի մեքենա գնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը ևս մեծ քննարկումների առիթ դարձավ։ Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում սթափվելու կոչ է արել նմանատիպ նախաձեռնությունների դեմ հանդես եկող քաղաքացիներին. «Եղբայր, դուրդ չի գալի՞ս իմ իրականացվող ծրագիրը, կամ ինչ-որ ծրագիր իրականացնելու կոչը, քոնն արա։ Արա ու հիմնավորիր (հիշեցում՝ կանխավ համաձայնեցնելով ոլորտի մասնագետների, գիտակների, վաստակ ունեցողների հետ), թե չէ արածդ շանտղություն է։ Դու բամբասելուց բացի ոչինչ չես անում ու չես էլ թողնում, որ մարդիկ համախմբվեն ու ծառայեն հենց հիմա սահմանը պահող զինվորներին։ Իսկ զինավանը միայն Մարտակերտը չի, ամբողջ Հայաստանն է զինավան, ուրեմն սթափվիր, էն 30 արծաթից թանկ է երկիրը»։