
Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկելու է Սիրիան, Ուկրաինան և ԿԺԴՀ-ի իրադրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ կքննարկի Սիրիայում, Ուկրաինայում եւ Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
«Միջազգային թեմաներից գերակա ուշադրություն կդարձվի սիրիական ճգնաժամի կարգավորման, Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում, Կորեական թերակղզում իրադրության զարգացման վրա, ԵՎՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի փոխգործակցությանը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Նախարարները նաեւ կարծարծեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստման հարցերը, որի շրջանակներում Ֆրանսիայի ղեկավարը պլանավորում է պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ)»,-տեղեկացրել են Սմոլենսկյան հրապարակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: