
Թուրքիան սիրիական Աֆրին է տեղափոխել բանակային և ոստիկանական հատուկ ուժեր

Թուրքիան սիրիական խաղաղ բնակչության պաշտպանության պատրվակով Սիրիայի Աֆրինի շրջան է տեղափոխել բանակային և ոստիկանության հատուկ ուժեր:
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: «Մեր հատուկ նշանակության ուժերը խաղաղ բնակչության պաշտպանությունն ու «Ձիթենու ճյուղ» գործողության հաջող ավարտն ապահովելու նպատակով ուղարկվել են Աֆրին»,-նշել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին մեղադրում է իր սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու և իր ժողովրդի «դահիճը» լինելու մեջ:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ` «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից մինչ օրս քրդական ինքնապաշտպանական ուժերն ունեցել են 2059 զոհ: