«Հայաստանը պետք է զգոն և ուշադիր քայլեր իրականացնի»

Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում, իսկ երկրներն ավելի ու ավելի են ներգրավվում իրենց ուժերի փորձարկումներով:

Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

«Սիրիայում ներկայում լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակների ու մարտավարությունների փորձարկում է տեղի ունենում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները: Մի երկիր, ուր անցած տարի Հալեպն էր ռմբակոծվում, այս տարի Արևելյան Գութայի, Դեր Զորի ռմբակոծության խնդիրների մասին է բարձրաձայնվում»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռևս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում և ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին: Իսկ Թուրքիան, ըստ Պողոսյանի, օգտվելով ԱՄՆ-Ռուսաստան առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել ու պայքար մղել քրդերի դեմ:

«Մենք տեսանք, որ ՄԱԿ-ում անվտանգության խորհուրդը 30-օրյա զինադադարի մասին բանաձև ընդունեց, սակայն դրանից հետո ևս կողմերը քաղաքական ասպեկտում հայտարարություններով սկսեցին իրար մեղադրել և պնդել, որ շարունակելու են պայքարը «Իսլամական պետության» դեմ»,- ավելացրեց Թևան Պողոսյանը:

Նա այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն և ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած՝ նաև Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը:

Նրա դիտարկմամբ` բացառված չէ իրավիճակը, որ աշխարհն այլևս չվերագտնի կայունությունն, ու խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը: «Իրականության մեջ «Իսլամական պետությունը» չի հաղթահարվել, այն գոյություն ունի, և մենք պետք է ուշադիր ու զգոն լինենք մեր երկրի ու սահմանների անվտանգության հարցերի նկատմամբ: Զարգացումներին հետևելուց բացի ճիշտ սցենարներ մշակենք, որպեսզի Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնենք` առնվազն նրանց այնտեղից դուրս բերելով»,-հավելեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս