Արմեն Սարգսյանը Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու մայր հայրենիքում հոգևոր, կրթական, բարեգործական գործունեության բնագավառներին առնչվող մի շարք հարցեր: Ամենապատիվ Տերը հաջողություն է մաղթել պարոն Արմեն Սարգսյանին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ՝ շեշտելով, որ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ եկեղեցին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալու Հայաստանի Հանրապետության զարգացման ու զորացման գործում:

Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցու կենտրոնական մարմնի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, կենտրոնական մարմնի ատենապետ և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Հայդոստյանի, Ավետարանական համայնքի հոգևոր, կրթական, ազգային գործիչների հետ: Վերապատվելի Կարագյոզյանը պարոն Սարգսյանին ներկայացրել է աշխարհասփյուռ հայ ավետարանական համայնքի կենտրոնները և նրանց հոգևոր, գիտական, կրթական գործունեությունը: Վերապատվելի դոկտոր Հայդոստյանն իր հերթին ներկայացրել է սփյուռքի միակ հայկական համալսարանի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցության ոլորտները:

Հանդիպման վերջում հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս