Մոգերինին պահանջել է անհապաղ կատարել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը
Սիրիայում պետք է անհապաղ կատարվի հումանիտար զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2401 բանաձեւը, որը պահանջում է, որ բոլոր կողմերն «առանց հապաղելու դադարեցնեն բախումները» եւ առնվազն 30 օր հանձնառու լինեն տեւական հումանիտար դադարի ապահովմանը Սիրիայի ամբողջ տարածքում:
«Դա անհրաժեշտ եւ ոգեւորիչ քայլ է, բայց դա միայն առաջին քայլն է: Այժմ այդ բանաձեւը պետք է անհապաղ կատարվի, պետք է ստեղծվեն դիտարկման մեխանիզմներ»,- լրագրողներին ասել է Մոգերինին Եվրամիության անդամ երկրների ԱԳ ղեկավարների նիստից առաջ:
«Մենք նախարարների հետ միասին խիստ անհանգստացած ենք ամբողջ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումից, եւ, առաջին հերթին, ռեժիմի ու նրա հետեւորդների կողմից: Աստանայի գործընթացի երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, հատուկ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ տեղի ունենա ապաէսկալացում, այլ ոչ թե էսկալացում»,-ասել է Մոգերինին: Նա նշել է, որ ԵՄ-ն «առաջիկա օրերին կշարունակի աշխատել թե ՄԱԿ-ի, թե բոլոր միջազգային ու տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի իրադրությունը տեղում անհապաղ բարելավվի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: