Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատող 845 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար երկրում ձերբակալվել է 845 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շարժման հետ կապված երկրում 85 բողոքի ակցիա է կազմակերպվել, իսկ սոցիալական ցանցերում 648 գրառում և հրապարակում է արվել:
Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ձերբակալվածներից քանիսն են կալանավորվել կամ ազատ արձակվել:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: