
«Այդ մոդելն ինձ համար փակ մոդել չէ, բաց մոդել է». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման հիմքում դնում է հայերի՝ համաշխարհային ազգ դառնալու սկզբունքը:
«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մոդելով պետք է զարգանան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասել է. «Դա այն մոդելն է, որով մենք՝ որպես հայեր, ապրելու ենք այս աշխարհում: Այդ մոդելն ինձ համար փակ մոդել չէ, բաց մոդել է: Ես ուզում եմ պատկերացնել, որ բոլոր հայերը պետք է ապրեն մի իրավիճակում, որտեղ կա փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ: Բոլորս՝ որպես հայեր, անկախ մեր գտնվելու և բնակության վայրից, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև մեր քաղաքացիական պարտքը պետք է կատարենք՝ ելնելով այդ սկզբունքից»:
ՀՀ նախագահի թեկնածուի համար Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման մյուս կարևոր նախապայմանը հայաստանաբնակ հայերի և սփյուռքահայերի միջև տարբերություն չդնելն է, ինչպես նաև սփյուռքահայերի նպաստը՝ հայրենիքը զարգացնելու գործում: Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև հայացքը դեպի ապագան ուղղելու և 21-րդ դարի «գործիքներից» օգտվելու անհրաժեշտությունը:
«Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք դեպի ապագան, դեպի երիտասարդները, դեպի 21-րդ դարը: Այն գործիքները, որոնք օգտագործել ենք նախկինում՝ Հայաստան-սփյուռք կապը ամրապնդելու համար, այսօր պետք է տարբերվեն, քանի որ 21-րդ դարն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդման բանալին ազատ մտածելակերպ ունեցող երիտասարդների ձեռքում է: