Եվրոպայի զգալի մասում սաստիկ սառնամանիքներ են հաստատվել
Հյուսիսային կիսագնդում ձմռան օրացուցային ավարտը եղանակի քմահաճույներով է նշվել. Եվրոպայի զգալի մասում սաստիկ սառնամանիքներ են հաստատվել, մինչդեռ Արկտիկայում ջերմաստիճանն արտասովոր կերպով բարձր է:
Այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)։ «Այս երեւույթը թեեւ հազվադեպ է, բայց աննախադեպ չէ»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը: Նա ուշադրություն է հրավիրել Գերմանիայում կլիմայի մոնիթորինգի՝ ՕՀԿ-ի տարածաշրջանային կենտրոնի կանխատեսմանը, որի համաձայն՝ փետրվարի 20-ին սկսվել է «նորմալից էապես ցածր ջերմաստիճաններով» ժամանակաշրջան, «որը Եվրոպայի մեծ մասում կտեւի առնվազն 2 – 3 շաբաթ»:
«Ամենասաստիկ սառնամանքներն սպասվում են փետրվարի 26-ից սկսվող շաբաթում»,- կանխատեսում է Գերմանիայի կենտրոնը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի եվրոպական մասում, Բելառուսում, Լեհաստանում եւ Ուկրաինայում ջերմաչափի սյունը ցած կիջնի Ցելսիուսի մինուս 10-ից: Կենտրոնական Եվրոպայում, Իտալիայի հյուսիսում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում ջերմաստիճանը կլինի «անոմալ»՝ մինուս 6 աստիճանից ցածր:
Եվրոպայի հարավում օդերեւութաբանները կանխատեսում են սառնամանիքներ՝ նախազգուշացնելով գյուղատնտեսության համար աղետալի գետնի ցրտահարության մասին, ինչպես նաեւ «ցրտի ներգործության հետեւանքով խոցելի մարդկանց համար վտանգի» մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: