Թրամփի ժողովրդականության վարկանիշը կրկին նվազագույն ցուցանիշ է արձանագրել. CNN
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Այդ մասին վկայում են սողիոլոգիական նոր հարցման՝ փետրվարի 25-ին հրապարակված արդյունքները, որն անցկացրել է CNN հեռուստաալիքը: Ժողովրդականության այս ցուցանիշը համընկնում է այն վարկանիշի հետ, որը գրանցվել էր անցյալ տարվա դեկտեմբերին եւ ամենացածրը դարձել Թրամփի նախագահության օրոք, որը պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին:
Ինչպես նշում է CNN-ը, ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ի ղեկավարի վարկանիշն անսպասելիորեն բարձրացավ 5 տոկոսային կետով՝ հասնելով 40 տոկոսի: Վերլուծաբաններն այն ժամանակ դա կապեցին ԱՄՆ-ի Կոնգրեսին նախագահի հղած տարեկան ուղերձի հետ, որը հեռարձակվել էր ամբողջ երկրում եւ ընդհանուր առմամբ դրական գնահատվել ամերիկացիների կողմից:
Սակայն մեկ ամիս անց Սպիտակ տան ղեկավարի ժողովրդականությունը դարձյալ ընկավ: Դրանում կարող էր որոշակի դեր խաղալ փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ կարգապահական խախտումների համար հեռացված աշակերտը գնդակահարեց 17 մարդու: Հարցման արդյունքների համաձայն, դրա մասնակիցների 54 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի վերաբերմունքին զենքի շրջանառության նկատմամբ հսկողության բնագավառի քաղաքականությանը:
Դրա հետ մեկտեղ ռեկորդային թվով հարցվածներ (70 տոկոս) հանդես են եկել ԱՄՆ-ում հրազենի շրջանառությունը կարգավորող օրենսդրության խստացման օգտին: Դա ամենաբարձր ցուցանիշն է 1993 թվականից ի վեր CNN-ի անցկացրած բոլոր հարցումների շարքում: Հարցումն անցկացվել է փետրվարից 20-ից մինչեւ 23-ը. դրան մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը կազմել է 3-4 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: