Բաժիններ՝

Կնեսետը հետաձգել է եկեղեցապատկան կալվածքների օրինագծի քննարկումը. Հարության տաճարը շարունակում է փակ մնալ

Իսրայելի Կնեսետի հանձնաժողովում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Թեպետ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց, սակայն դա մեզ չի բավարարում: Մեր պահանջն է, որ օրինագիծը չմտնի Կնեսետ, նման օրենք չընդունվի: Հետևաբար` բողոքի մեր գործողությունը շարունակվում է և Հարության տաճարը դեռ փակ է»,-ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ այն ընդունվելու դեպքում վարձակալության տրվող եկեղեցապատկան բոլոր կալվածքները պետությունը բռնագրավելու հնարավորություն ունենա: Այսինքն, երբ այդ կալվածքները վարձակալության նպատակով տրվեն անհատ ձեռներեցների, ապա պետությունն իրավունք ունի դրանք բռնագրավելու, եթե այդ վարձակալության գործընթացը տեղի չի ունենում պետության հավանությամբ:

«Ստացվում է, որ պետությունը պետք է հավանություն տա այդ վարձակալության գործարքին: Սա մեզ համար անընդունելի է: Մեր բողոքի միջոցառումն ուղղված է նաև քաղաքապետարանի որոշմանը: Այն կապված է եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձելու հետ: Դարեր շարունակ վանքերն ու եկեղեցիները Սուրբ երկրում ազատված են եղել հարկերից: Եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներն արդեն հարկեր վճարում են, սակայն այս անգամ որոշումն ուղղակի եկեղեցիների ու վանքերի վրա է տարածվում: Այդ պատճառով դա մեզ համար անընդունելի է»,-ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանից առայժմ դժգոհությունների հետ կապված դեռ արձագանք չկա:

Քրիստոնեական եկեղեցիները, որոնք ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, փետրվարի 25-ին փակել են տաճարի դռները` իրենց դժգոհությունը հայտնելով քաղաքային իշխանությունների որոշման և Կնեսետում շրջանառության մեջ դրված նոր նախագծի մասին:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս