Այս տարվա ձմեռվա ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել Մոսկվայում
ԺՏՆՑ-ում, որտեղ գտնվում է Մոսկվայի գլխավոր օդերեւութաբանական կայանը, օդի ջերմաստիճանը փետրվարի լույս 26-ի գիշերն իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնում: Փետրվարի 26-ը դարձել է այս տարվա ձմեռվա ամենացուրտ օրը, ճշտել են գերատեսչությունում:
Նախորդ ջերմաստիճանային նվազագույնը գրանցվել էր փետվրարի 25-ին (մինուս 18,8 աստիճան): Փետրվարի 26-ի համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 1929 թվականին (մինուս 34,3 աստիճան): Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ անցած գիշեր մայրաքաղաքի տարածաշրջանի ամենացուրտ տարածքը դարձել է Մոսկվայի մարզի Կլինը, որտեղ ցրտել է մինչեւ մինուս 29,3 աստիճան:
Անոմալ սառնամանիքների շրջանի սկսվելու առնչությամբ, երբ օրվա միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 7-10 աստիճանով, Հիդրոմետկենտրոնը փետրվարի 22-ից Մոսկվայի տարածաշրջանում հայտարարել է վտանգի նարնջագույն մակարդակ: